ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը մերժել է տեխնոլոգիական ընկերությունների՝ դրանց թվում Meta-ի, Alphabet-ի (Google) և TikTok-ի միջնորդությունը և թույլ տվել շարունակել հազարավոր հայցերի քննությունը. սոցցանցերը մեղադրվում են իրենց հարթակներն անչափահաս օգտատերերի համար դիտավորությամբ կախվածություն առաջացնող դարձնելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը որոշել է, որ ընկերություններին չի հաջողվել հաջողությամբ բողոքարկել ստորադաս ատյանի դատարանի որոշումը, որով նրանց պարտավորեցվել էր պատասխանել մոտ 2400 դաշնային հայցերի շրջանակում։
Հայցերը ներկայացվրել են նահանգների, մունիցիպալիտետները, դպրոցական շրջանները և մասնավոր անձինք (որոնց թվում՝ ծնողների)։ Նրանք պնդում են, որ մշակողները գիտակցաբար երիտասարդներին կապել են ծառայություններին, ինչն էլ հանգեցրել է դեպրեսիայի, տագնապայնության, սեփական մարմնի ընկալման հետ կապված խնդիրների աճին և ամերիկացի դեռահասների շրջանում հոգեկան առողջության ընդհանուր ճգնաժամի։
Ընկերությունները (դրանց թվում՝ Snap Inc.-ը՝ Snapchat-ով) պնդել են, որ 1996 թվականի «Հաղորդակցությունների ոլորտում բարեվարքության մասին» օրենքի 230-րդ բաժնի պաշտպանությունը (որը հարթակներին ազատում է օգտատերերի հրապարակած բովանդակության համար պատասխանատվությունից) իբր տարածվում է նաև անվտանգության անտեսման և կախվածություն առաջացնող դիզայն ստեղծելու վերաբերյալ մեղադրանքների վրա։
Դատավորները ներկայացված բողոքարկումը վաղաժամ են համարել՝ նշելով, որ նմանատիպ բողոքների մեծ մասը քննվում է արդեն առաջին ատյանի դատարանում գործի՝ ըստ էության քննության ավարտից հետո։ Բացի դրանից, լսումների ընթացքում դատավորները կասկածներ էին հայտնել, որ օրենքը ընկերություններին պաշտպանում է հարթակների գործառույթին և դիզայնին ուղղված պահանջներից։