«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում արդեն մի քանի հստակ փոփոխություն է իրականացրել։ Առաջինը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումների, նա ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդարանում ընդդիմադիրների հետ իրավիճակը չլարվի։ Ցանկացած սուր խոսքից հետո Ռուբինյանը երկկողմանի նկատողություն է անում, պարտադիր հիշեցնում է պատգամավորներին պահպանել բարեկրթության կանոնները։ Արդյունքում՝ նախագահության առաջին գրեթե վեց օրերի նիստերն անցել են առանց ծեծկռտուքի և լուրջ միջադեպերի։
Դրան զուգահեռ փոխվել է նաև խորհրդարանում լրագրողների մուտքի և ելքի կազմակերպումը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն այլևս չեն գործում այնպիսի լարված ռեժիմով, ինչպես նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում։ Գրեթե բոլոր մուտքերի մոտ նախկինում ՊՊԾ աշխատակիցները մշտապես սպասում էին հնարավոր հրահանգների։
Ուշագրավ է նաև Ռուբինյանի վարքագիծը խորհրդարանի միջանցքներում։ Նա հիմնականում շրջում է ընդամենը մեկ անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։ Մինչդեռ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որպես կանոն, խորհրդարանում տեղաշարժվում էր չորս-հինգ հոգու ուղեկցությամբ, և նրա յուրաքանչյուր մուտք կամ ելք ուղեկցվում էր նկատելի իրարանցմամբ։
Ռուբինյանի ներկայությունը խորհրդարանում այժմ աչքի է ընկնում ավելի համեստ ու չցուցադրական մոտեցմամբ․ նա թիմակիցների հետ շփվում է առանց ավելորդ լարվածության և անվտանգության ընդգծված ցուցադրության։
Թե այս գործելաոճը որքան ժամանակ կպահպանվի, ժամանակը ցույց կտա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: