Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացրել՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցներին հակազդելուն ուղղված մեխանիզմները քննարկելու նպատակով։
«Մեր նպատակն է պաշտպանել արտերկրում գործունեություն ծավալած ռուսաստանցի ձեռնարկատերերին։ Սա ուղիղ կապ ունի պետության տնտեսական ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու խնդրի հետ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ կարևորելով ռուսական բիզնեսի և ռուսական ընկերությունների դեմ հավաքական Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությանը արդյունավետ հակազդելը։
«2014 թվականից Արևմուտքի կողմից պարբերական և համակարգային բնույթ կրող պատժամիջոցներ են կիրառվել, սակայն դրանք չեն կարողացել կաթվածահար անել Ռուսաստանի տնտեսությունը»,- նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ պատժամիջոցներին հակազդելու քաղաքականությունը պետք է շարունակել։