Երեկ մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-հայկական համալսարանի լրագրություն բաժնում։
Համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը հայտնել է, որ Նարեկի մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։
«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։
Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,- գրել է Ալեքյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։