00:00:00

«Փարավոն»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ (տեսանյութ)

11:52, 20 հուլիս 2026 Տեսանյութեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26 թթ. կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր