«Փաստ» օրաթերթը գրում է.
Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խոր մտահոգությունները, որոնք թշնամի պետության ղեկավարն ունի հայկական գործոնի և միջազգային ազդեցության նկատմամբ։ Մասնավորապես, Ալիևն իր ելույթում դժգոհություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներից ու գործիչներից, այդ թվում՝ Եվրամիության արտաքին գործերի նախկին նախարար Ժոզեպ Բորելից և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյից, որոնք ժամանակին պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ Արցախի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել որպես ցեղասպանություն։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իբր Օկամպոյին ֆինանսավորել է «ռուսահայ օլիգարխը», որն այժմ տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Թեև Ալիևն անուններ չի տվել, սակայն Նարեկ Կարապետյանի արձագանքից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է հենց Սամվել Կարապետյանին։ Անշուշտ, այն ամենը, ինչ յուրաքանչյուր ազգի ու պետության համար պետք է հպարտանալու և սեփական շահերն առաջ մղելու բացառիկ առիթ լիներ, այսօր Հայաստանում վերածվել է քաղաքական հետապնդման թիրախի։ Ցանկացած նորմալ պետություն կհպարտանար նրանով, որ ունի այնպիսի կշիռ և հնարավորություններ ունեցող հայ գործարար, որն ի վիճակի է միջազգային ամենաբարձր մակարդակներում ստեղծել ու պահպանել այնպիսի կապեր, որոնցից անհանգստանում և երկյուղում են անձամբ թշնամի երկրի ղեկավարն ու Հայաստանի բազմաթիվ հակառակորդները։ Սակայն իրականությունն այլ է. այսօր հայկական պետական մեքենան, փոխանակ օգտագործելու այդ հսկայական ներուժը՝ հանուն համազգային շահերի, այդ նույն մարդուն պահում է տնային կալանքի տակ, սահմանափակում է նրա ազատությունները և պետական ողջ համակարգի գործադրմամբ ուղղակի տեռորի է ենթարկում նրան ու նրա բիզնեսները։ Սա ոչ միայն հարված է ազգային անվտանգությանն ու հանրային համերաշխությանը, այլև հերթական ապացույցն է այն բանի, թե ինչպես է ներկայիս իշխանությունը սեփական քաղաքական հաշվեհարդարները գերադասում պետական շահերից՝ փաստացի ջուր լցնելով թշնամու ջրաղացին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում