00:00:00

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է էվթանազիայի մասին օրինագիծը

23:12, 15 հուլիս 2026 Աշխարհ

Ամիսներ տևած բանավեճերից և խորհրդարանական ընթացակարգերից հետո պատգամավորները քվեարկել են «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունքի» կամ էվթանազիայի մասին օրինագծի օգտին, հաղորդում է Euronews-ը։Նախագիծը սուր տարաձայնություններ է առաջացնում, ներառյալ՝ կառավարության ներսում։ Դա Էմանուել Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետի առանցքային խոստումներից մեկն է, որը հենց ինքը՝ պետության ղեկավարը, ներկայացրել էր որպես «կյանքի ավարտի ֆրանսիական մոդել»։

Խորհրդարանի երկու պալատների կողմից տեքստի բազմակի քննարկումներից հետո, պատգամավորները չորեքշաբթի երեկոյան չորրորդ՝ վերջնական քվեարկության ժամանակ իրենց դիրքորոշումն են հայտնել «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունք» սահմանող օրինագծի վերաբերյալ։

Նիստերի դահլիճում առանձնակի լարվածություն չէր սպասվում. քննարկման սկզբում մի քանի կենտրոնամետ խմբակցություններ իրենց անդամներին քվեարկության հստակ ուղղորդումներ չէին տվել։ Ծայրահեղ աջակողմյան երկու խմբավորումները՝ «Ազգային միավորումը» և «Հանուն Հանրապետության աջերի միությունը», ինչպես նաև «Հանրապետականները» հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու։ Ձախակողմյան պատգամավորները, առաջին հերթին սոցիալիստները, ճնշող մեծամասնությամբ պաշտպանել են նախագիծը, ինչպես և Մակրոնի կողմնակիցները։

Այդ բարեփոխման խորհրդարանական ուղին հատկապես երկար և հակասական ստացվեց։ Ազգային ժողովը երեք անգամ ընդունել էր փաստաթուղթը, և յուրաքանչյուր ընթերցմամբ այն ստանում էր բավարար, բայց գնալով նվազող մեծամասնություն։ Իսկ Սենատը, որտեղ գերակշռում են աջերն ու կենտրոնամետները, երեք անգամ մերժել էր օրինագիծը։

Փաստաթուղթը ներդնում է ընթերակայված ինքնասպանության նոր իրավունք՝ միաժամանակ խստորեն սահմանափակելով դրա կիրառման պայմանները։ Դրանից կարող են օգտվել միայն Ֆրանսիայի չափահաս քաղաքացիները, որոնք տառապում են իրենց կյանքին սպառնացող «ծանր և անբուժելի հիվանդությամբ՝ ուշ կամ տերմինալ փուլում», որն առաջացնում է «մշտական ֆիզիկական կամ հոգեբանական տառապանքներ», որոնք «ենթակա չեն բուժման կամ անտանելի են»։

Օրինագծի նախնական տարբերակում նախատեսված բուժառու կյանքի ակնկալվող տևողության չափանիշը հանվել է։ Շատ բժիշկներ, ինչպես նաև Առողջապահության բարձրագույն վարչությունն, ընդգծել են, որ գործնականում անհնար է ճշգրիտ գնահատել, թե որքան ժամանակ է մնացել հիվանդին ապրելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր