00:00:00

Հունիսի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 2․6 °C-ով , տեղումները նվազել են 27 մմ-ով

19:40, 14 հուլիս 2026 Հասարակություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է՝ ինչպիսին էին 2026 թվականի հունիսի կլիմայական պայմանները Հայաստանում.

«2026 թվականի հունիսի օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։

Հունիսի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։ Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։

Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև՝ 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։

Առանձին օրերի հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի՝ ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների ։

Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։ 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր