Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) զգուշացրել է բոլոր ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և ԱՄԷ-ի օդային տարածքով՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։
Գործակալության տարածած հաղորդագրությունում նշված է.
«Բոլոր օպերատորները պետք է դադարեցնեն թռիչքները Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և ԱՄԷ-ի օդային տարածքում, ինչպես նաև Օմանի ծոցի ջրերի վրայով անցնող՝ Մուսկատի թռիչքային տեղեկատվության շրջանի (FIR) օդային տարածքում»։
Ավիացիոն անվտանգության գործակալությունը ընդգծել է նաև՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Իրանի ջանքերը, առևտրային նավերի վրա գրոհները և տարածաշրջանում ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական գործողությունները բարձր ռիսկ են ստեղծում վերը նշված երկրների օդային տարածքով թռչող ինքնաթիռների համար։
EASA-ն հորդորում է թռիչքները դադարեցնել մինչև հուլիսի 29-ը, սակայն ժամկետը, ըստ իրադարձությունների զարգացման, կարող է նաև փոխվել։
Նշենք, որ գիշերը ամերիկյան կողմը Իրանին կրկին հարվածներ է հասցրել, ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Հորդանանում տեղակայված ամերիկյան թիրախներին։