00:00:00

Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից և ծնկել բազում դժվարությունների առաջ. Զաքարիա Սրբազան

17:16, 07 հունիս 2026 Քաղաքականություն

Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

 

Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

 

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչկան կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։

 

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավորներ:

 

Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Սուրբ Էջմիածնի խորհրդին՝ նշեց․ «Դարերի հոլովույթում Մայր Տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի՝ առաջնորդելով մեր ազգին պատմության քառուղիներում։ Մեր նախնիներն այս տաճարն ընկալել են որպես միասնության խորհրդանիշ, ազգահավաքի կենդանի աղբյուր և ապրել հայոց պետականության վերականգնման, պահպանման և զորացման քաղցր երազով։ Այն ոչ միայն աղոթավայր է, այլ մեր հիշողության պահոցը՝ ապահովելով մեր «փոքր ածու»-ի ազգային կենսունակությունն ու շարունակականությունը։ Ս․ Էջմիածինը նաև համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ: ․․․ Համբուրելի այս անունը սիրելի է մեզ համար, որովհետև աստվածապարգև Էջմիածինը մենք ենք։ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից, լուսավորչական ուղղափառ հավատքից և ծնկել բազում դժվարությունների առաջ։ Բայց երբ վերագտել ենք Ս․ Էջմիածինը, պայծառակերպվել, լուսավորվել և ավելի հայացել։

 

Օրհասական պահերին համախմբվել ենք հենց Ս․ Էջմիածնի շուրջ այն հաստատ համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց։ Հետևաբար Ս․ Էջմիածնի տոնը պարզապես պատմական մի դեպքի հիշատակություն չէ, այլ համազգային և անձնական կոչ՝ վերանորոգելու մեր կյանքը, հավատը, ինքնաճանաչվելու, ամուր կառչելու մեր ինքնությանը, որպեսզի չկորչենք փոփոխական և մարտահրավերնելով լի այս աշխարհում»։

 

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի Սուրբ Իջման Խորանի առջև, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք։

 

Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, շենության և հավետ պայծառության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր