Նախորդ տարի, երբ դեռևս չկար ապահովագրական համակարգ՝ պետպատվերի շրջանակներում օգտվողներին, պայմանականորեն՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից ասում էին, որ վերջացել է արդեն պետական պատվերը և սպասեք հաջորդ տարի հերթագրվելուն: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Պատկերացրեք, որ դա տեղի է ունենում օրինակ՝ օնկոլոգիական հիվանդների, արյան ճնշում ունեցող, սրտի և այլ այսպիսի անհետաձգելի հիվանդությունների, հենաշարժողական համակարգի և այլ խնդիրներ ունեցող անձանց դեպքում: Չի բացառվում, որ տարվա կեսին արդեն բյուջեն ավարտվի, որովհետև 129 միլիարդ դրամ է հատկացվել, իսկ դա միայն սոցիալական խոցելի խավի համար, օրինակ՝ թոշակառուներ, նպաստառուներ, մինչև 18 տարեկան անձանց համար տարեկան 129.000 դրամ նույնիսկ չի հասնում, այն պարագայում, երբ թոշակառուի ամսական դեղերի ծախսը մոտավորապես 40-50.000 դրամ է կազմում:
Ակնհայտ արդեն տեսանելի է, որ համակարգը գնալու է դեպի սնանկացման։ Համակարգը կոսմետիկ առումով փաթեթավորել են առողջության ապահովագրության համակարգ, բոլորը բնականաբար պետք է ողջունեն՝ այդ թվում մենք, որովհետև լավին պետք է լավ ասենք, վատին՝ վատ, բայց փաթեթավորման տակ դրել են նորից փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել.,- նշել է նա: