«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի՝ տիեզերական մասշտաբների հասնող վախերը ոչ միայն չեն փարատվում, այլեւ օր-օրի աճում են, եւ դա նկատելի է ամեն քայլափոխի: Նրա տեղաշարժի համար ոչ միայն մի ամբողջ ոստիկանական զորք է հանվում, ԱԱԾ ջոկատայիններ, ուժեղացված թիկնազոր, անգամ յուրայինների, թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ են խիստ անվտանգային միջոցառումներ իրականացնում:
Օրինակ, հավաքում են բոլորի հեռախոսները։ Սակայն պարզվում է՝ ոչ միայն Փաշինյանը չի վստահում թիմին, այլեւ թիմն էլ անվստահություն ունի նրա նկատմամբ։ Կառավարության անդամներից տեղեկացանք, որ ինչ-որ պահից նրանց ասվել է, որ կառավարության անդամներն առանց բջջայինների ներկայանան կառավարության նիստին:
Այդ նիստին մասնակցողների հեռախոսները հավաքում եւ տեղադրում են կառավարության շենքի շքամուտքում` հատուկ փակվող արկղերի մեջ, որոնց նմանությամբ արկղեր կան սուպերմարկետներում: Սակայն քանի որ այդ արկղերին ու Փաշինյանին քչերն են վստահում, կառավարության նիստին ժամանողները հեռախոսները սկսել են թողնել ավտոմեքենաների մեջ։
Մեր զրուցակիցը խոստովանեց՝ վախենում են, որ այդ ընթացքում լսեն կամ վերծանեն իրենց հեռախոսների պարունակությունը․ Հովիկ Աղազարյանի դեպքը ոչ ոք չի մոռանում եւ կառավարության ղեկավարի ազնվության վրա ոչ ոք հույս չի դնում։