00:00:00

Լավ հանդիպում էր. ուկրաինացի պաշտոնյան՝ Թրամփի ու Զելենսկիի հանդիպման մասին

20:10, 22 հունվար 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, տեղեկացնում է է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է շուրջ մեկ ժամ։

Հանդիպման ավարտին Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները կարճատև անձնական զրույց են ունեցել։

Իր հերթին Ուկրաինայի նախագահի հաղորդակցության գծով խորհրդական Դմիտրի Լիտվինը լրագրողների հետ զրույցում ասել է. «Դա լավ հանդիպում էր»:

Թրամփը նույնպես դրական է գնահատել հանդիպումը: Նա ասել է, որ իր ուղերձը Ռուսաստանի նախագահին այն է, որ պատերազմը պետք է ավարտվի: Թրամփը նաև նշել է, որ իր բանագնացները Մոսկվայում կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ: 

Ավելի վաղ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, մնացել է կարգավորելու միայն մեկ հարց։ 
 
«Մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցը, և այն լուծելի է»,- ասել է Ուիթքոֆը:
 
Զելենսկին Դավոսում իր ելույթում հայտարարել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում: Նա շեշտել է, որ բոլորը պետք է պատրաստ լինեն փոխզիջման. ոչ միայն Ուկրաինան, այլև ռուսական կողմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր