Վաշինգտոնի հետ քննարկում ենք ազատ առևտրի մասին հնարավոր համաձայնագիրը՝ որպես Ուկրաինայի վերականգնման հետպատերազմյան փաթեթի մաս: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ նման պայմանագիրը կծառայի նաև որպես տնտեսական անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ:
Զելենսկին նաև հայտարարել է, որ տարածքային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է փոխանցել ամերիկյան կողմին և ակնկալում է, որ Ռուսաստանը մինչև հունվարի վերջ կարձագանքի Կիևի և Վաշինգտոնի համաձայնեցրած 20-կետանոց խաղաղության ծրագրին:
Խոսելով տարածքային հնարավոր զիջումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ կարելի է Դոնբասի որոշ շրջաններում ազատ տնտեսական գոտի ստեղծել, ինչպես առաջարկում է Վաշինգտոնը, կամ սառեցնել ներկայիս առաջնագիծը և բանակցություններ վարել: Սակայն, նրա համոզմամբ՝ Ռուսաստանը պատրաստ չէ իրական դիվանագիտության:
«Ուկրաինան երբեք ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները և հույս ունի ապագայում վերականգնել երկրի ինքնիշխանությունը»,-ասել է Ուկրաինայի նախագահը: