Ուկրաինայում բազմազգ ուժերի ձևավորումն ու տեղակայումը որպես անվտանգության երաշխիք հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է The Times-ը:
Նշվում է, որ ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել զինված ուժեր՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։
Ըստ The Times-ի՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են ուղարկել 15000 զինծառայող, իսկ Գերմանիան պատրաստ է Ուկրաինայի մոտ ուժեր տեղակայել:
Մերցն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել գործողությունների հաջորդականությունը:
«Գործողությունների հերթականությունը պետք է լինի հետևյալը․ նախ հրադադար, ապա անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և երկարաժամկետ համաձայնագիր Ռուսաստանի հետ։ Դրանցից որևէ մեկը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։ Իսկ մենք դեռ հեռու ենք դրանից»,-ասել է նա: