00:00:00

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա՝ ռուսական ակտիվների առգրավումից հրաժարվելու համար․ Politico

13:21, 17 դեկտեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները «աննախադեպ ճնշում» են գործադրում Եվրամիության վրա՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից Ուկրաինային «ռեպարացիոն վարկի» տրամադրումը կանխելու համար։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում բարեկամ կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն համաձայնել սառեցված ռուսական ակտիվներից 210 միլիարդ եվրոյի օգտագործմանը։ Թերթն ընդգծում է, որ եթե նախկինում ԵՄ-ում կարծում էին, թե գործընթացը առաջ չի գնում Բելգիայի պատճառով, ապա այժմ նրանք հասկացել են, որ «խնդիրը Թրամփն է»։ Բացի այդ, Politico-ն պնդում է, որ հենց ԱՄՆ-ի «կուլիսային արշավն» է հանգեցրել նրան, որ Իտալիան, Բուլղարիան, Մալթան և Չեխիան «միացել են չհամաձայնված երկրների խմբին»։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, իր հերթին, հայտարարել է, որ «պետք չէ լուրջ ընդունել այն անանուն աղբյուրների հայտարարությունները, որոնք ներկա չեն եղել այդ քննարկումներին»։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների միակ նպատակն է «վերջ դնել [ուկրաինական] հակամարտությանը»։ Քելլին նշել է, որ «ռուսները հստակ հայտնել են ակտիվների սառեցման վերաբերյալ իրենց դիրքորոշումը», իսկ ԱՄՆ-ն ընդամենը «նպաստում է երկխոսությանը»։

Դեկտեմբերի 12-ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել անժամկետ արգելափակել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները։ Եվրահանձնաժողովը հույս ունի դեկտեմբերի 18-19-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ երկրներից ստանալ դրանց բռնագրավման վերաբերյալ որոշումը։ Թագավորության վարչապետ Բարտ Դե Վեվերը ավելի վաղ Եվրահանձնաժողովի՝ ռուսական ակտիվների բռնագրավման պլաններն անվանել է գողություն։ Թագավորությունը զգուշանում է ռուսական պատասխան միջոցներից և պահանջում է իրավաբանորեն պարտադիր երաշխիքներ ստանալ ԵՄ բոլոր երկրներից։ ԵՄ-ում անանուն պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները «ցանկանում են թուլացնել» միավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր