00:00:00

ՀՅԴ-ն հիշեցրեց Սերժ Սարգսյանի անցյալը

16:03, 05 մարտ 2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին  հիշեցրին Սերժ Սարգսյանի`2014 թվականի խոսքը, թե  նա չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնին: Հարցին, թե ՀՅԴ-ն կհամոզի՞ Սերժ Սարգսյանին հետ կանգնել իր խոսքերից ու դառնալ վարչապետ, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք այդպիսի տրամադրություն չունենք, այդ հարցը, նորից եմ կրկնում, գտնվում է ՀՀԿ-ի դաշտում: Իրենք պետք է առաջադրեն: Մենք իրենց հետ նախապես չենք քննարկելու, թե ում առաջադրեն»: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի լավ, քան հենց Սերժ Սարգսյանը, ոչ ոք չի կարող մեկնաբանել: «Երբ Դաշնակցությունը գնում էր այս փոփոխություններին, առաջին իսկ պահից մենք սա չենք պայմանավորել որևէ անձով: Եվ այն ժամանակ բազմիցս կրկնել ենք, որ չենք բացառում, որ նույն Սերժ Սարգսյանը հավակնի վարչապետի պաշտոնին: Մեզ համար գլխավորն այն էր, որ համակարգն այնպես է փոխվում, որ նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու նույն լիազորությունները, ինչ ունի նախագահ Սերժ Սարգսյանը: Սա է այն էական փոփոխությունը, որը Հայաստանում կատարվել է»,- հայտարարեց Ռուստամյանը: Նա նշեց, որ սխալ ճանապարհ է այն, որ անձերով է պայմանավորվում համակարգը, քանի որ երկրում փոփոխություններ են եղել: ՀՅԴ-ն, նրա խոսքով, երաշխավորում է, որ քաղաքական դաշտում կատարված լրջագույն փոփոխություններով որևէ մեկը չի կարող իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնել: Այդուհանդերձ, անդրադառնալով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից բարոյական քա՞յլ էր հասարակությանը խոստանալը, թե չի հավակնելու հետագա պաշտոններին, Ռուստամյանը նման պատասխան տվեց. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ: Ես չեմ ուզում դատել մարդկանց, բայց ինչ սկզբունքներով ենք բարոյականությունը գնահատում: Սա է հարցը, ամեն մարդն ունի իր բարոյականությունը: Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքը տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»: Ըստ Ռուստամյանի՝ այն փոփոխությունները, որոնք Հայաստանում կատարվել են, առանց Սերժ Սարգսյանի ցանկության չէին կատարվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր