Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, բայց այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բախվում գոյության սպառնալիքի, այսօր՝ նոյեմբերի 15-ին Երեւանում, մամուլի ասուլիսում հայտնել է կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։
«Եվ այսպես, մենք այսօր այստեղ ենք, Երեւանում, որովհետեւ մեզ սիրահոժար հրավիրել են մասնակցել առաջին Աղոթք-նախաճաշին Հայաստանի Հանրապետության համար՝ վարչապետի օրհնությամբ եւ ներկայությամբ։ Բայց մենք հավաքվել ենք այստեղ ոչ միայն հանուն Աղոթք-նախաճաշի։ Մենք բոլորս գիտենք ճգնաժամի մասին, որին բախվել է Հայ Առաքելական եկեղեցին, կաթողիկոսի հրաժարականի պահանջների մասին, բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունների եւ Եկեղեցու տարբեր անդամների հետապնդումների մասին»,- ընդգծել է Ջոն Էյբները։
Նրա խոսքով՝ CSI-ն առաջին անգամ ներգրավվել է հայկական հարցերում 1990-ականների սկզբին։
«Մենք ճանապարհորդել ենք լեդի Քոքսի հետ, որը շատ մարդկանց էր ճանաչում այստեղ՝ Հայաստանում։ Եվ մենք անընդհատ վերադառնում էինք՝ ոչ միայն մեզ հետ լրագրողների բերելով, այլեւ գրելով մարդու իրավունքների մասին մեր սեփական զեկույցները եւ մարդասիրական օգնություն տրամադրելով տեղական համայնքներին»,- նշել է իրավապաշտպանը։
Ինչպես ընդգծել է Էյբները, Լեռնային Ղարաբաղում կրոնական զտումներից հետո Հայաստանն է այժմ կանգնած գոյության սպառնալիքի առաջ։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ եկեղեցին, այլ ինստիտուտները, բայց հատկապես եկեղեցին, որը հայ քրիստոնեական հավատի, ինչպես նաեւ ազգի հենարանն էր, երբ պետություն չկար, ենթարկվում են ճնշման»,- ընդգծել է Էյբները։