Առողջության ապահովագրության անվանումից դուրս է եկել «համապարփակ» ձևակերպումը, քանի որ այն սխալ ուղերձ է տալիս։ Այս մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հասկացանք, որ դա ուղերձը սխալ է տալիս, դա առողջապահության համապարփակ ապահովագրություն չէ, որովհետև բոլոր առողջապահական ծառայությունները չի մատուցում», - ասել է նա։
Ըստ վարչապետի՝ աշխարհում չկա պետական, առողջապահական մի համակարգ, որը ներառում է բացարձակապես բոլոր առողջապահական ծառայությունները։ Նախնական հաշվարկով Հայաստանում այս համակարգը ներառելու է երկրում գոյություն ունեցող առողջապահական ծառայությունների մոտավորապես 30%-ը, բայց այդ 30%-ը ամենահաճախ օգտագործվող ծառայություններն են։
«Ունենք 100 տող հիվանդություն, մենք ներառելու ենք 30 տող հիվանդությունները, բայց այս 30 տող հիվանդությունները ամենահաճախ պատահող հիվանդություններն են։ Այսինքն 70 տողերում լինելու են դեպքեր, երբ որ սոցիալական ցանցերում մենք տեսնելու ենք․ ասելու են, կառավարությունը հայտարարեց, որ առողջության համընդհանուր համակարգ է ներդրում, այ բայց մենք գնացինք, մեզ ասում են, որ պետք է վճարեք։ Այդպիսի դեպքեր լինելու են, բայց այն շատ մեծ տեսակարար կշիռ չի լինելու, քաղաքացին այլևս ծախս չի անելու, բացի առողջության ապահովագրության համար վճարումներից», - պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ նաև «այդ թվում հաստատված խաղաղության արդյունքում» կառավարությունը հնարավոր է համարել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին քաղաքացիների կատարվող պարտադիր վճարների մի մասը նվազեցնել և ուղղել առողջապահության ապահովագրությանը։ «Նաև համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրեդիտներ կլինեն առողջապահության համար նախատեսված, որոնք քաղաքացիները կարող են ուղղել, բայց էլի այս դեպքում էլ չի լինի, որ ամբողջ ծախսը փակվի», - ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է այս համակարգը այդքան դժվար ներդրվում, վարչապետը նշել է, որ նոր համակարգի մուտքը առանց խնդիրների չի լինելու, քանի որ «ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին»։
«Այդ համակարգի ներդրումը չի լինելու այնպիսի բան, որ մենք հունվարի մեկից կամ ներդրման հաջորդ օրվանից ունենալու ենք կատարյալ մի իրավիճակ։ Ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին։ Գիտեք ինչ, ես հիմա ասոցիատիվ մտածողությամբ մտածում եմ, որ բարեփոխումը ծնվում է, համեմատելով երեխայի ծննդյան հետ, ծնվում է այն պահին, երբ որ հանդիպում է իր պրոբլեմին։ Երեխան կյանք է ստանում, երբ որ սկսում է ինքնուրույն շնչել, առաջինը լացում է, չէ՞։ Բարեփոխումն էլ է այդպիսի բան, ինքը լինելու է պրոբլեմներով», - ասել է նա։