Իռլանդիայում մեկ մարդ մահացել է, Մեծ Բրիտանիայում եղանակի մասին նոր նախազգուշացում է հայտարարվել, քանի որ «Էմի» փոթորիկը շարունակում է զանգվածային ավերածություններ պատճառել, հաղորդել է The Guardian-ը։
Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ, ժամը մոտ 16:15-ին, Իռլանդիայի Դոնեգալ կոմսության Լեթերքենի շրջանում վատ եղանակի հետ կապված միջադեպի հետեւանքով մեկ տղամարդ է մահացել։ Օդերեւութաբանական գրասենյակը շաբաթ օնը ամբողջ Մեծ Բրիտանիայի համար «դեղին» քամու նախազգուշացում է հայտարարել, «վնասակար» քամիների նախազգուշացումն ուժի մեջ է մնում Շոտլանդիայի հյուսիսում մինչեւ ժամը 21:00-ն։ Մոտ 42 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Շատ երկաթուղային ուղիներ եւ ճանապարհներ փակվել են, լաստանավային ծառայությունները խափանվել են ուժեղ քամու պատճառով, որի պոռթկումները որոշ խոցելի տարածքներում հասել են ժամում 100 մղոնից ավելի արագության։
Լոնդոնում քաղաքի բոլոր ութ թագավորական այգիները, այդ թվում՝ Հայդ Պարկը եւ Ռիչմոնդ Պարկը, շաբաթ օրը փակվել են ուժեղ քամու պատճառով։
Կիրակի օրը վերաբացման ժամը կհետաձգվի անվտանգության ստուգումների պատճառով։ Ակնկալվում է, որ «Էմի» փոթորիկը կիրակի օրը Շոտլանդիայում կառաջացնի լրացուցիչ խափանումներ՝ երթեւեկության խափանումներ, էլեկտրաէներգիայի անջատումներ եւ հեղեղումներ։ Հյուսիսային Շոտլանդիայի համար կհայտարարվի նոր նախազգուշացում՝ ուժեղ քամու պատճառով, որի պոռթկումները որոշ տարածքներում կգերազանցեն ժամում 90 մղոնը։
Շոտլանդիայի մեծ մասը, բացառությամբ արեւելյան ափի, կգտնվի դեղին անձրեւի նախազգուշացման տակ, Մեծ Բրիտանիայում գործում է դեղին քամու նախազգուշացում: Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում սահմանվել է նաեւ ամենախոր ցածր ճնշման համակարգի նոր ռեկորդ: Բալթասաունդ քաղաքում (Շոտլանդական կղզիներ), «Էմի» փոթորկի կենտրոնական ճնշումը կազմել է 947.9 հեկտոպասկալ (ՀՊա):
Նախորդ ռեկորդը 950.9 ՀՊա էր, որը սահմանվել է 1988թ․: Տրանսպորտի հետագա խափանումներ, հավանաբար, կլինեն մի քանի չվերթների, երկաթուղային եւ լաստանավային ծառայությունների չեղարկումից հետո: Ուրբաթ Գլազգոյում շենք է փլուզվել մեքենայի վրա, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնում ճանապարհների փակման: Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել նաեւ բարձրլեռնային գոտիներում եւ մի քանի կղզիներում՝ այն շրջաններում, որոնք բախվել են ամենավատ եղանակային պայմաններին: