23 երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչներ հետևում են ռուս-բելառուսական համատեղ «Զապադ-2025» (Արևմուտք-2025) զորավարժություններին։ Այս մասին լրագրողներին հայտնել են Բելառուսի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Նշվում է, որ այսօր՝ երկուշաբթի օրը, Բորիսովսկիի զորավարժարանում անցկացվում է զորքերի գործնական գործողությունների հիմնական փուլերից մեկը։
«Այսօր 23 երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երեք անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հունգարիայի ներկայացուցիչներ մասնակցում են «Զապադ-2025» համատեղ ռազմավարական զորավարժությունների զորքերի գործնական գործողությունների դիտարկմանը »,-հայտնել են Բելառուսի ՊՆ-ից։
Հաղորդվում է նաև, որ զորավարժարանում գտնվում են օտարերկրյա պետությունների 17 ռազմադիվանագիտական առաքելություններ (Ադրբեջան, Հունգարիա, Վիետնամ, Իրան, Ղազախստան, Չինաստան, Կուբա, Ռուսաստան, Սերբիա, ԱՄՆ, Սուդան, Թուրքմենստան, Թուրքիա, Զամբիա, Զիմբաբվե, Պերու, Ինդոնեզիա)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-ից 16-ը։ Լեհաստանն ամբողջությամբ փակել է Բելառուսի հետ սահմանը զորավարժություններին ընդառաջ, իսկ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին։