Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը սեպտեմբերին իջել է պատմական նվազագույն մակարդակի։ Այս մասին են վկայում Le Journal du Dimanche (JDD) թերթում հրապարակված Ֆրանսիական հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի (IFOP) անցկացրած հարցման արդյունքները։
«Ֆրանսիայի նախագահի գործունեությունից գոհ է հարցվածների ընդամենը 19%-ը, ինչը 5 տոկոսային կետով ավելի քիչ է, քան օգոստոսին։ Հետազոտությունների անցկացման ողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է», - նշում է ինստիտուտը։
Հարցվածների առնվազն 81%-ը դժգոհություն է հայտնել Մակրոնի աշխատանքից։ 50%-ը նշել է, որ «շատ» հիասթափված է, իսկ 31%-ը՝ «ավելի շուտ» հիասթափված։ Ամենամեծ աճը գրանցվել է մանր առևտրականների և ձեռներեցների շրջանում (+20 տոկոսային կետ՝ մինչև 80%) և 65-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում (+10 տոկոսային կետ՝ մինչև 79%)։
Հարցվածների թվի և հարցման ժամկետների մասին տեղեկություն չի տրվում։