00:00:00

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 59 տարեկան

14:52, 05 մարտ 2018

Այսօր կլրանար հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999 թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր Վազգեն Սարգսյանի 58-ամյակը: Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5–ին՝ Արարատ գյուղում։ 1980 թ. նա ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, այնուհետև հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ 1986-1989 թթ. Սարգսյանն աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։ 1991 թ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, 93-ին` ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահն էր, 1993-95-ը ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարարն էր, 1995-99-ը` դարձյալ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Ամենուր՝ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ զբաղեցրած պաշտոններում Վ. Սարգսյանն իրեն դրսևորել է որպես հայրենասեր, ազնիվ իր ժողովրդին նվիրված մարդ, ով իր բնատուր տաղանդն ու ջանքերը նվիրաբերել է հայրենիքի ազատության ու բարօրության գործին։ Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր