Վրաստանի վարչապետը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրությունը դիտարկելու՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մերժումը, գրում է akhaltskha.net-ը:
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին հասկանում է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը: «Հիշում եք, թե ինչ հարձակման ենթարկվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, երբ հրապարակեց խորհրդարանի ընտրության վերաբերյալ իր եզրակացությունը։ Գուցե, նրանք այլևս չեն ուզում բախվել նման գլխացավանքի»,- նշել է Կոբախիձեն:
Միևնույն ժամանակ, Վրաստանի վարչապետի խոսքով, մեկ ամիսը միանգամայն նորմալ ժամկետ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության համալրման համար: Կոբախիձեն նաև նշել է, որ «Վրացական երազանքի» նպատակն է հաղթել ընտրությունում բոլոր 64 համայնքներում։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ից հայտարարել էին, որ մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ընտրությանը, ինչը բավարար չէ հավաստի և բովանդակային դիտարկումներ իրականացնելու համար:
Ըստ կազմակերպության հայտարարության՝ Վրաստանի իշխանությունների հետ շփումներում ԺՀՄԻԳ-ը բազմիցս ընդգծել է հրավերը ժամանակին ուղարկելու կարևորությունը՝ ընտրությունների հավաստի և համապարփակ դիտարկում ապահովելու համար։
ԺՀՄԻԳ-ից նշել են, որ չնայած չեն մեկնաբանում այն ընտրությունները, որոնք չեն դիտարկում, այնուամենայնիվ, կշարունակեն հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին: