Թեհրանում, Իրանի հյուրընկալությամբ, կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը, գրում է parstoday.ir-ը:
Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։
Կողմերը գոհունակություն են հայտնել եռակողմ հանդիպման կանոնավոր և ամենամյա անցկացման կապակցությամբ:
Կողմերը նաև ընդգծել են նշված հանդիպումների արդյունքներով սահմանված նպատակների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ շահերը երաշխավորելու և տարածաշրջանում բարգավաճումն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։
Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը կանցկացվի Հայաստանում՝ համաձայնեցված ժամկետներում: Ամփոփվել է 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։