Հայաստանյան քաղաքական դաշտում սկսվել է ամենասուր նախընտրական շրջանը վերջին տարիների ընթացքում։ Սա ոչ թե այն պատճառով, որ նախորդ ընտրությունները էական նշանակություն չեն ունեցել, այլ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իշխանությանը պատերազմից հետո հեռացնելու ընդդիմադիրների փողոցային պայքարներն հաջողության չեն հասել և ըստ էության այս պահին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գլխավոր ճանապարհը մնացել է ընտրությունները:
Gallup International-ի վերջին տվյալներն ու հանրային տրամադրությունների վերլուծությունը հստակ ցույց են տալիս․ առաջիկա ընտրություններում հիմնական մրցապայքարը լինելու է հիմնականում չորս ուժերի միջև։ «GALLUP»-ը հրապարակել էր 1,101 հոգու շրջանում անցկացված արդյունքները՝ եթե կիրակի օրն ընտրություններ լինեն, որ քաղաքական ուժին ձայն կտայիք հարցման վերաբերյալ:
ՔՊ՝ 17,3%, Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ 13,4%, «Հայաստան» դաշինք՝ 6,4%, ԲՀԿ՝ 3,8%, ՀՀԿ՝ 3,4 %, ԴՕԿ՝ 2,5 %, Հանրապետություն կուսակցություն՝ 1,1%, ՀՅԴ՝1,1%, Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 1%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն՝ 0,9 %, ՀԱԿ՝ 0,8 %, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0,8 %, Ազգային ժողովրավարական բևեռ՝ 0,8 %, Քրիստոնեաժողովրդական կուսակցություն՝ 0,5 %:
Սա, ըստ էության, Հայաստանի քաղաքական դաշտի իրական «ֆիլտրումն» է, որտեղ երկրորդական դերակատարները կամ մարգինալ կուսակցությունները մնում են ստվերում։
Եթե նախկին ընտրություններում վճռորոշ էին ծրագրերը կամ առաջնորդների վարկանիշը, ապա այս անգամ դրանց գումարվում են նաև նոր ասելիքը, առաջարկը, ասված խոսքի ու գործի համապատասխանության հարցը:
Ո՞վ որ տեղում կհայտնվի՝ առաջին հորիզոնականներում, թե երկրորդական դիրքերում։ Բարձր վարկանիշ ունեցող գործիչների հայտնվելը ցուցակների վերին մասում կարող է ամբողջությամբ փոխել ուժերի դասավորությունը։ • Դաշինքների ստեղծումը կամ անսպասելի տեղափոխությունները կարող են խախտել այսօրվա կանխատեսումները։ Հենց այդ պատճառով էլ, փորձագետները նշում են, որ ընտրությունները ոչ թե ծրագրերի, այլ ցուցակների ընտրություն են դառնալու։
Հասարակությունը, հոգնած լինելով քաղաքական մշտական ճգնաժամերից ու հիասթափություններից, այժմ սպասում է նոր «խաղի կանոնների»։ Ընտրողը պատրաստ է ընտրել ոչ թե գեղեցիկ խոստումների, այլ իրական գործի ունակության հիման վրա։ Հետևաբար կուսակցությունները կանգնած են ճակատագրական մարտահրավերի առաջ․ նրանք պետք է ոչ միայն ցուցադրեն ուժեղ դեմքեր, այլև հստակեցնեն՝ ինչու են հենց իրենք արժանի իշխանության։
Չորս հիմնական ուժերը, որոնց շուրջ կենտրոնացած է հանրային ուշադրությունը, արդեն իսկ գործնականում փակել են մյուս քաղաքական դերակատարների հնարավորությունները։ Սա առաջիկա ընտրություններին տալիս է «մենամարտի» բնույթ․ ով հաղթի այս չորսից, նա էլ կդառնա Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր որոշողը։
Irakanum.am