Այսօր դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իմպիչմենտի օրակարգը մնում է, իրենց նպատակն ու ծրագրի բաղկացուցիչ մասը դա է:
՛՛Մեր սկսած իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հիմք չդարձավ ընդդիմության մոտ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի, և չի նշանակում, որ մեն չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել: Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, մեր նպատակը իմպիչմենտն է։ Իմպիչմենտի օրակարգը մնում է մեր նպատակն ու ծրագրի բաղկացուցիչ մասը: Եթե եղավ ընդդիմադիր կոնսոլիդացիա, հաջողությունը գրեթե 100%-ով ապահովված է՛՛,-նշեց նա:
Իսկ երբ լրագրողները նրան դարձյալ հարցրին իմպիչմենտի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման մասին, Սարգսյանը նշեց. ՛՛Ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր մի տվեք, Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք: Ավելի լավ է մի հատ ստորագրություն դնել, քան հավերժ անիծել էս իշխանություններին։ Ով դա չի ընկալում, իր գործն է, իսկ իմպիչմենտը մնում է մեր օրակարգում՛՛:
Սարգսյանն անդրադարձավ նար Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությանը:
՛՛Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է վարել, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից: Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ կամ գործողություն չէ։ Եթե հետաքրքրվեք պատերազմների պատմությամբ, կտեսնեք, որ կապիտուլյացիան շարունակական երևույթ է: Կապիտուլյացիայի ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվի այդ թուղթը ստորագրած իշխանությունը՛՛,-ասաց նա