00:00:00

Պլանավորում ենք նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել 2027 թվականին. Փաշինյան

23:39, 21 մարտ 2025 Քաղաքականություն

 

 

Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ, որովհետև երբ մեր երկրի տարածքի 60 տոկոսն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», դա մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղիղ խախտում է: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որեւէ երկիր նման բանի չի կարող համաձայնել:

Ապա նա անդրադարձավ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին հարցին:

«Ինչ վերաբերում է Սահմանադրության հարցին, բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ խաղաղության համաձայնագրում կա կետ, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։

«Երկրորդը, մեր ՍԴ-ի՝ եթե չեմ սխալվում 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, չէր կարող Սահմանադրական դատարանն այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող։

Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018 թվականից, 2020-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, և մենք գնալու ենք այդ օրակարգին: Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական:

Ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Եվ հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31