Իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել. ես չգիտեմ, նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ չի եղել, բայց պետք է ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, և դեռ պետք է ստուգել՝ այդպիսի բան անել հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց, «Խաղաղության համաձայնագիրն ունի երկու կողմ: Ես նորից եմ ասում՝ այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգել՝ ընդհանրապես այդպիսի պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթն ունի երկու կողմ։
Ի միջի այլոց՝ նաև շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու Հայաստանի Կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ թուղթն ունի երկու տեր: Տերերից մեկը Հայաստանի Կառավարությունն է, տերերից մյուսը՝ Ադրբեջանի Կառավարությունն է: Եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում՝ ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին, և նրանք կարդալուց հետո դուրս են գալիս ու սկսում ասուլիսներ տալ, հայտարարություններ անել փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։
Այսինքն՝ այստեղ էլ վստահության հարց կա, կրկնակի, եռակի, քառակի էներգիա ենք ծախսելու՝ ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել, կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ՝ սա էլ է շատ կարևոր վստահության հարց։
Մենք նախկինում՝ դեռ այն ժամանակ, երբ չէինք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը, պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն՝ այդ փաստաթուղթը, այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ ահա այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով՝ ինչքանով դա հնարավոր է: Իմանալով ընդդիմության խոսույթը և վերաբերմունքը՝ մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան, և դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության և Կառավարության մտադրությունների հետ, և տեղի է ունենում վստահության խաթարում։ Այսինքն՝ ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը խաղաղության գործընթացը և նրա էությունն աղավաղելն է, դա անելու ևս մեկ հնարավորություն ստանան»: