ՌԴ Քննչական կոմիտեն Ստավրոպոլի 33-ամյա բնակչուհուն կասկածում է իր 4 ամսական դստեր սպանության մեջ, հայտնում է Ստավրոպոլի երկրամասի ՌԴ Քննչական կոմիտեն:
«2025 թվականի փետրվարի 10-ի երեկոյան Ստավրոպոլ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում կասկածյալը՝ նյարդայնացած իր 4 ամսական դստեր լացից, բարձով խեղդամահ է արել նրան։ 33-ամյա կինը կասկածվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 105 – րդ հոդվածի 2-րդ մասի «в» կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (մանկահասակ երեխայի սպանություն)», - ասված է հաղորդագրության մեջ:
ՔԿ-ում նշել են, որ դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնել է երեխայի հայրը, երբ վերադարձել է աշխատանքից։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչը կնոջը ձերբակալել է։ Առաջիկայում նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի։ Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ: