Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա Գագիկ Պողոսյանի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Խաչատրյանն ու Արթուր Համբարձումյանը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ավտոմեքենայում կրակը բռնկվել է, երբ ինքն այն վարելիս է եղել։