Կատակը՝ կատակ, բայց այնուամենայնիվ առաջարկում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դեյվիդ Վենսի լուսանկարն այդքան ծիծաղելի։
Իմ համոզմամբ այդ լուսանկարը ծիծաղելի ու զավեշտալի չէր լինի, եթե չլինեին մեր հասարակության մեջ ձևավորված կեղծ ակնկալիքները ԱՄՆ-ի նկատմամբ։ Այսինքն, հենց Փաշինյանն է ինքն իրեն դրել զավեշտալի վիճակի մեջ։ Այլ պայմաններում ընկալումներն էլ այլ կլինեին։
Գանք ամենաէականին։ Մեծ հաշվով պետք է հասկանալ, որ աղքատիկ ընդունելությունն այդքան էլ պայմանավորված չէ Փաշինյանի անձով։ Իհարկե այլ առաջնորդի պարագայում հնարավոր է, որ արարողակարգային և կազմակերպչական հարցերը ավելի արդյունավետ լուծվեին, դեսպանը ավելի պրոֆեսիոնալ լիներ և այլն։ Բայց սրանք պայմանականություններ են, որոնց վրա պետք չի շատ կենտրոնանալ։ Ամենաէականն այն է, որ կատարվածը արտահայտում է ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ։ Թրամփի վարչակազմի համար ՀՀ-ն չունի ռազմավարական առաջնահերթություն։ Պետք չի նաև կարծել, թե Բայդենի վարչակազմն էլ պատրաստվում էր հանուն ՀՀ-ի նավատորմը տեղից շարժել, իսկ չար Թրամփը ամեն ինչ փչացրեց։ Սա էլ է միֆ։
Իհարկե Հայաստանում կան այնպիսի մասնագետներ՝ հիմնականում ուսյալ և լուսավորյալ քաղաքագետներ, որոնք պնդում են, թե ավելի լավ աշխատանքի պարագայում հնարավոր է ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ մտնել։ Այդ նույն մարդիկ ժամանակին պնդում էին, թե ավելի լավ աշխատանքի դեպքում կարելի էր փոխել աշխարհի վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ավելի լավ աշխատելու դեպքում կարելի էր պահել ստատուս-քվոն։ Մի խոսքով՝ կանգնիր աշխարհ, մինչև մենք զարգանանք ոճի դատողություններ։
Հողի վրա գոյություն ունեցող իրողություններն ու փաստերը ինչպես միշտ անտեսվում են։ Ասվածից հետևում է, որ պետք չի ԱՄՆ-ի, արևմուտքի նկատմամբ կեղծ ակնկալիքներ ձևավորել ու դառնալ դրանց գերին։
Ասվածը պետք չի ընկալել որպես «դե խեղճ Փաշինյանը ինչ աներ, մեկա բան չի փոխվելու» մտայնություն։ Ընդհակառակը՝ սա գրառում է Փաշինյանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողման մասին։
Կարպիս Փաշոյան