Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկի հրշեջ-փրկարարները՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, Արին Բերդում կառուցվող նոր էկո թաղամասի հարևանությամբ ստեղծված կենցաղային ու շինարարական աղբավայրում պայքարում են կրակի տարածման դեմ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի ժամ անգամ վտանգելով իրենց կյանքը, որոշ հատվածներում կա աղբի սողանքի վտանգ, քամին էլ իր սև գործն է անում՝ առաջացնելով թունավոր ծուխ, հրշեջները կարողացել են կարծես թե իրենց վերահսկողության տակ վերցնել կրակի օջախները։
Հրշեջ ավտոմեքենաները մի քանի անգամ մեկնել են ջրով լիցքավորվելու, ապա նորից վերադարձել են հրդեհի վայր։Այս պահին մոտ 30 հրշեջ Երևանի տարբեր փրկարարական ջոկատներից իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախները հայտնաբերելու և այն մարելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրշեջների աշխատանքը թեթևացնելու նպատակով արդեն դեպքի վայր են ժամանել ԵԱՍՄ-ի մի քանի ջրատարներ, որպեսզի հրշեջները տեղում ջուրն ավարտվելուց հետո մեքենաները լիցքավորեն և շարունակեն իրենց աշխատանքը։