Կանադան կդառնա Եվրոպայից դուրս առաջին երկիրը, որը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի նիստին, երբ վարչապետ Մարկ Քարնին երկուշաբթի Հայաստանի մայրաքաղաք Երևանում կմիանա ավելի քան 48 երկիր ընդգրկող միավորման գագաթնաժողովին, գրում է The Guardian-ը։
Քարնին հայտարարել է, որ մտադիր է կառուցել առևտրային և դիվանագիտական դաշինքների նոր ցանց՝ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ շուկաներ մուտքի կորստից հետո։
Պարբերականի դիվանագիտական խմբագիր Պատրիկ Վինտուրը իր հոդվածում ընդգծում է, որ Մարկ Քարնիի մասնակցությունը նաև կդառնա Հայաստանի նկատմամբ Արևմուտքի աջակցության ցուցադրում՝ Ռուսաստանից հեռանալու նրա ձգտման պայմաններում, այն պահին, երբ ԱՄՆ-ի մոտեցումը Մոսկվայի հակառակորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ, շարունակում է մնալ երկիմաստ։
Միևնույն ժամանակ կանադացի դիվանագետները մերժել են ենթադրությունները Օտտավայի՝ ԵՄ անդամակցությանը հնարավոր ձգտման մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առաջիկա տարվա ընթացքում Գերմանիայից ավելի քան 5000 ամերիկացի զինծառայողների դուրսբերման ծրագրերը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ձգձգվող հակամարտության տնտեսական հետևանքները Երևանում քննարկման առանցքային թեմաներից կլինեն։ Հայաստանը սահմանակից է Իրանին, սակայն, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, չի հայտարարել իր տարածքում իրանական հրթիռների ընկնելու մասին։
Երևանի ընտրությունը որպես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վայր՝ կազմակերպություն, որը առաջ է մղում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ներառում է նաև Մեծ Բրիտանիան, դիտարկվում է որպես հնարավորություն Հայաստանի համար՝ ցուցադրելու Եվրոպայի հետ կապերի ամրապնդումը և նախկին դաշնակից Ռուսաստանից շարունակվող աստիճանական հեռացումը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է դիվերսիֆիկացման քաղաքականություն, որը գործնականում աստիճանաբար մոտեցնում է երկիրը եվրոպական քաղաքական տարածքին։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և ակնկալում է վստահ հաղթանակ, որպեսզի շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ուղին։ Միևնույն ժամանակ նա բախվում է երեք ընդդիմադիր կուսակցությունների, որոնք ավելի շատ ուղղված են դեպի Ռուսաստան»,- գրում է Վինտուրը։
Carnigie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով մասնագիտացած Թոմաս դե Վաալը նշել է, որ Երևանում եվրոպացի առաջնորդները ստիպված կլինեն պահպանել հավասարակշռություն. «Նրանք անում են այն, ինչը նման է Փաշինյանին նախընտրական աջակցությանը, բայց միաժամանակ պետք է ավելի լայն խոսակցություն վարեն ավելի կայուն և ավելի պակաս բևեռացված Հայաստանի կառուցման մասին»։
Նա ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է Բաքվի հետ բարդ, բայց փոխակերպող խաղաղության համաձայնագրի շեմին, որը կարող է հանգեցնել 1990-ականներից փակ մնացած սահմանների բացմանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բացի այդ, երկիրը ստանում է պատմական հնարավորություն՝ նվազեցնելու կախվածությունը Մոսկվայից՝ այն ֆոնին, թե ինչպես է Ուկրաինայի պատերազմը շեղում և թուլացնում Ռուսաստանին։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջորդ օրը Երևանում սպասվում է Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովի անցկացումը։ Հայկական կողմի ակնկալիքներով՝ այն կարող է հանգեցնել ժողովրդավարության համար լրացուցիչ ֆինանսավորման և վիզային ազատականացման առաջմղման։ Մարտին կատարած այցի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել էր, որ «Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել»։
Հայաստանը, մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը, 2017 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, իսկ անցյալ տարի ընդունել է օրենք՝ Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնելու մտադրության մասին, ինչը նկատելիորեն տարբերում է նրա քաղաքական ուղին հարևան Վրաստանից։
Միևնույն ժամանակ Հայաստանը մնում է Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, սակայն 2024 թվականին կասեցրել է իր մասնակցությունը վերջինիս։
Վլադիմիր Պուտինը ապրիլին զգուշացրել էր Երևանին, որ ԵՄ-ում և ՀԱՊԿ-ում միաժամանակյա անդամակցությունն անհնար է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարվում է Եվրոպայի և Հայաստանի մերձեցման գլխավոր կողմնակիցը, իսկ նրա մասնակցությանը գագաթնաժողովին տրվում է պետական այցին համադրելի կարգավիճակ։ Նա նաև ծրագրում է այցելել համերգի Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում։
2022 թվականին ստեղծված Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է ԵՄ երկրներին և բլոկից դուրս գտնվող պետությունների լայն շրջանակ՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան և Բալթյան երկրները։
Այս ձևաչափը չունի մշտական քարտուղարություն և սովորաբար խուսափում է ծավալուն ամփոփիչ փաստաթղթերից՝ նախապատվությունը տալով առաջնորդների միջև ուղիղ երկկողմ շփումներին։
Սկզբում դրան վերաբերվում էին թերահավատորեն՝ այն համարելով ԵՄ-ին անդամակցության հարցում առաջընթաց ակնկալող երկրների համար փոխզիջումային հարթակ։ Սակայն առաջնորդների կանոնավոր մասնակցությունը ցույց է տալիս, որ այս ձևաչափը պահանջված է եղել։
«Դոնալդ Թրամփի աջակցությամբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հայաստանը և Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախնական համաձայնեցրել են խաղաղության համաձայնագիրը։ Սակայն Ադրբեջանը հայտարարել է, որ կստորագրի փաստաթուղթը միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց հետո՝ պնդելով, թե այն պարունակում է տարածքային պահանջներ։
Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ երկրի Սահմանադրությունը տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ չի պարունակում»,- նշում է հոդվածի հեղինակը։