Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Grand Sport»-ի խաչմերուկում բախվել են 2 «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնք կանայք են, տեղափոխվել են 2-ը՝ «Էրեբունի», 2-ը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լիպարիտ Խաչատրյանն ու Սարուխան Խաչատրյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: