Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:
Նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սևակ Միրզախանյանն ու Հրաչ Գևորգյանը:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: