Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։