Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Վլադիկ Գ․-ի վարած «XCMG» մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավագյանը և Հարություն Ավետիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։