Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության ու հանրաքվեի օրն է։ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը վստահ է՝ գեղեցիկ խոսքերի կարիք այսօր արցախահայությունը չունի։
Ըստ նրա՝ միակ բանը, որ կարող են և պարտավոր են անել՝ սատար կանգնելը և պայքարելն է հանուն նրանց իրավունքների, ազատությունների և արժանապատիվ կյանքի։
«1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Արցախի հայությունը բացառիկ կամք դրսևորեց՝ 99.01%-ն «այո» ասելով անկախության գաղափարին:
Գեղեցիկ խոսքերի կարիք, վստահ եմ, այսօր արցախահայությունը չունի, միակ բանը, որ կարող ենք և պարտավոր ենք անել՝ սատար կանգնելը և պայքարելն է հանուն նրանց իրավունքների, ազատությունների և արժանապատիվ կյանքի։
Ես ուզում եմ ասել՝ շատ ազգեր, նույնիսկ երբեմնի մեծ կայսրություններ պարզապես անհետացան պատմության էջերից։ Բայց մենք կանք այսօր, մենք այն ժողովուրդն ենք, որ պատմականորեն գոյություն ենք ունեցել և կլինենք ապագայում՝ մեր ազգային յուրահատկության շնորհիվ։
Հետևաբար, մեզ հիմա, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համահայկական մակարդակով կազմել ազգային համախմբում։ Սա այն պահն է, երբ պետք է մի կողմ դնել ցանկացած շահ և ամուր կառչել Հայաստանի պետականության վերականգնման գործին․ սա է մեր նվիրական շահը»,- Facebook-ում գրել է Կարապետյանը։