Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ 55-ամյա Էդուարդ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։
Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։