Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ Միշա Մկրտչյանն ու Արամ Ալավերդյանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 33-ամյա Արման Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: