Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Tiguan», «Lexus» և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Volkswagen Tiguan»-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին դեսպանատան աշխատակից է։