Երեկ՝ նոյեմբերի 4-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տարածքում՝ Մանուշյան փողոցում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով շպրտվել է և կրկնակի վրաերթի ենթարկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել և օգնել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ տեղում ցուցաբերել բժշկական օգնություն, իսկ «BMW»-ի վարորդը շտապօգնություն ավտոմեքենայով վիրավորի հետ մեկնել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։