«Եկեղեցին Բագրատ Սրբազանին չի էլ սատարել, որ մենակ թողնի։ Եկեղեցին քաղաքական պրոցեսների չի մասնակցում»,– aysor.am–ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ Վերջինս կամ հիմա ազնիվ չէ իր հայտարարությունում, կամ նախկինում է այլ դիրքորոշում հայտնել։ Աջապահյանը այն հոգևորականներից էր, որ շատ հստակ ու ուղիղ իր դիրքորոշումը հայտնել է օրվա իշխանության ապիկար գործունեության վերաբերյալ։ Աջապահյանը չի թաքցրել նաև այն փաստը, որ ինքն էլ է կողմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Մայր Աթոռն էլ վերահաստատել էր իր դիրքորոշումը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Այս հայտարարությունից հետո չեն հնչել դրանք հերքող այլ պնդումներ եկեղեցու կողմից։ Վերջերս իհարկե Արշակ սրբազանը փորձեց խմբագրել ապրիլի 24–ի՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից իր հնչեցրած նզովքը, ասելով, թե խոսել է ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ երևույթների մասին։
Ակնհայտ է, որ Աջապահյանի շուրթերով եկեղեցին փորձում է շատ ուղիղ «զադնի» դնել, նմանվելով գեներալական այն «սաստավին», որը մի օր պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հաջորդ օրը նրան «չեստ» տալիս: Այս ամենն էլ տեղի է ունենում նույն այն օրերին, երբ բարձրաստիճան հոգևորականները հրավերն ուղարկել են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին և սպասում են հաստատմանը։ Խոսքը՝ սեպտեմբերի 28–ին և 29–ին սպասվող միջոցառումների մասին է։
Բագրատ Սրբազանը ամեն դեպքում գնացել է ընդառաջ և շարժման ակտիվ գործողությունները տեղափոխել է հաջորդ ամսվա սկիզբ, որպեսզի չխանգարի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, բայց չի հստակեցրել՝ մասնակցելու է այդ միջոցառմանը, թե ոչ։ Բայց ակնհայտ է, որ երկրի համար վճշռորոշ ժամանակահատվածում, ի հակադրումն այն պնդումների, թե եկեղեցին մշտապես ժողովրդի կողքին է եղել, հիմա իրավիճակ է փոխվել։ Բարձրաստիճան մի շարք հոգևորականների համար Փաշինյանի ներկայությունը Մայր Աթոռում ավելի կարևոր է քան՝ հայրենիքի փրկությունը։
Irakanum.am