ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին «կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 31–ամյա բնակիչը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել էր, որ հիշյալ քաղաքացին մարմնական վնասվածքը ստացել է Տոլբուխինի փողոցում Երևան քաղաքի 24 և 34–ամյա բնակիչների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
ՀԻշյալ տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, և որոշում էր կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հիշյալ անձինք ձերբակալվել են։ ՄԻջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է։