00:00:00

Մխիթար Ավետիսյանին, Գագիկ Եղիազարյանին և ինձ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պահում է հանրապետության ամենաանմարդկային բանտի ամենավատ՝ 86-րդ, խցում․ դիմում՝ ՀՀ ՄԻՊ-ին

17:03, 24 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Մխիթար Ավետիսյանին, Գագիկ Եղիազարյանին և ինձ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պահում է հանրապետության ամենաանմարդկային բանտի ամենավատ՝ 86-րդ, խցում:
2022 թ. մայիսի 28-ին մեզ՝ Սասնա Ծռեր խմբավորման անդամներիս, բանտ վերադարձնելու առաջին իսկ օրվանից պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկվածների համար նախատեսված 5-րդ հարկում՝ 77, 85 և 86 խցերում:
Դրանցից 86-րդ խուցն առավել վատթար վիճակում է:
Ճակատագրի հեգնանքով տեղին է հիշատակել, որ 86-րդ խուցը մեկն է այն 5 խցերից, որտեղ նախկինում պահել են մահապատժի դատապարտվածներին:
Մեզ համար ակնհայտ է, որ մեր նկատմամբ այդպես են վարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով, որի դրդապատճառը վրեժխնդրության նենգ մղումն է, իսկ նպատակը՝ մեր կյանքը վտանգելն ու առողջությունը վնասելը:
Վարուժան Ավետիսյան
---------------------------------------
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
տիկին Ա. Մանասյանին
Վարուժան Պարսամի Ավետիսյանից
Հասցե. ՀՀ, Երևան, Նուբարաշենի խճուղի 2
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, 86-րդ խուց
ԴԻՄՈՒՄ
Հարգելի տիկին Մանասյան
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 86-րդ խուցը, որտեղ գտնվում ենք՝ Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը և ես, որևէ առումով չի համապատասխանում սանիտարահիգիենիկ և շինարարական չափանիշներին:
Խցի սանհանգույցը կիսաքանդ է՝ գաջե պատերով և բետոնե հատակով, ինչի հետևանքով ոչ միայն առաջանում է հակասանիտարական վիճակ և ախտածին միջավայր, այլև մշտական խոնավություն՝ մեր առողջության համար այդ ամենից բխող վնասակար հետևանքներով:
Խցի պատերի և առաստաղի ծեփը թափվում է, ասֆալտբետոնե հատակը քարուքանդ է ու քայքայվող, ինչի հետևանքով մենք մշտապես գտնվում ենք փոշու և կեղտի միջավայրում:
Խցի մակերեսը մոտ 30 քմ է, մինչդեռ լուսամուտի մակերեսը 0,7 քմ-ից պակաս է, ինչպես նաև չկա օդափոխության համակարգ, ինչի հետևանքով խցում կիսախավար է և օդը՝ ծանր:
Խցի էլեկտրամալուխային ցանցն ինքնաշեն է՝ առանց բաժանարար տուփերի, մալուխները կցմցված են և պատերից ու առաստաղից կախված, ինչի հետևանքով ես և իմ խցակիցները մշտապես ենթակա ենք կյանքի վտանգ պարունակող էլեկտրահարման հավանականության:
Խուցը գրեթե կահավորված չէ: Առկա են միայն մահճակալներ և պատին փակցված մետաղե փոքր դարակաշար: Կա նաև սեղան հիշեցնող մի հարմարանք, որն իրականում հնարավոր չէ օգտագործել ըստ նպատակային նշանակության:
Խցում վխտում են խավարասերներ, պարբերաբար հայտնաբերվում են ուտիճներ, փայտոջիլներ, կարիճներ, մորմեր, այլ սարդակերպ միջատներ:
Խուցը նորոգելու վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին և ՀՀ ԱՆ ՔԿԾ պետին հղված մեր դիմումներն ընթացք չեն ստանում:
Ս.թ. սեպտեմբերի 13-ին ես և իմ խցակիցները դիմել ենք ՔԿՀ պետին՝ խնդրելով հաշվի առնելով խցի անմարդկային և նսեմացուցիչ պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ երեքս էլ ունենք առողջական խնդիրներ, մեզ տեղափոխել ս.թ. սեպտեմբերի 11-ին ազատված 7-րդ մասնաշենքի 9-րդ խուց, քանի որ այն բարվոք վիճակում է:
Ս.թ. սեպտեմբերի 17-ին ստացել ենք պատասխան, որ մեր տեղափոխումը նպատակահարմար չէ:
Տեղին է հիշատակել նաև, որ ՔԿՀ տնտեսական ապահովման բաժնի աշխատողները մոտ երկու շաբաթ առաջ լուսանկարել են խցի անմխիթար վիճակը, սակայն ՔԿՀ-ն չի պատասխանում մեր փաստաբան Դավիթ Գյուրջյանի դիմումին, որով նա խնդրել է տրամադրել այդ լուսանկարները:
Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ առնվազն ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությունը կանխամտածված կերպով մեզ պահում է կյանքի և առողջության համար վտանգավոր և արժանապատվությունը նսեմացնող խցում՝ իրենց հայտնի չարամիտ նպատակներով:
Վերոգրյալից ելնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը և ես ունենք խցի պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններ, խնդրում եմ կազմակերպել այցելություն «Նուբարաշեն» ՔԿՀ, լսել մեր բողոքը, մտնել 86-րդ խուց, արձանագրել դրա վիճակը և կատարված աշխատանքի արդյունքներով միջոցներ ձեռնարկել իմ և իմ խցակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Հարգանքով՝
Վ. Ավետիսյան
18. 09. 2024 թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր