00:00:00

«Քաղաքական հետապնդումներով այդպես էլ չկարողացան Գերասիմին լռեցնել». լրանում է բանտարկության 100-րդ օրը

13:23, 24 սեպտեմբեր 2024 Իրավական

100 օր է, ինչ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է: Քաղաքական հետապնդումները, ձերբակալումները, կալանքները Գերասիմ Վարդանյանի և նրա մերձավոր շրջապատի, կուսակցական և անկուսակցական ընկերների շուրջ սանձազերծվել են 2020թ. կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո և շարունակվում են մինչ օրս: Նոյեմբերի 9-ից հետո նրա դեմ հարուցվել են 10-ից ավելի քրեական գործեր, որոնց մի մասը կարճվել է, իսկ մնացածով էլ արդարացվել է, գրում է փաստաբան Սոսե Չանդոյանը։

«Այժմ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ՝ բոլոր իմաստներով հերթական ապօրինի, կեղծ, շինծու մեղադրանքով, որի շրջանակում Գերասիմը այցելել է Քննչական կոմիտե, երբ նույնիսկ այդ ժամանակ իր դեմ ոչ մի քրեական գործ հարուցված չի եղել՝ պահանջելով բաց թողնել իր ընկերներին: Հիշեցման կարգով մեջբերեմ նրա ուղղակի խոսքը.«Ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք»:

Չորս տարի քաղաքական հետապնդումներով, հալածանքներնով ու բանտարկություններով այդպես էլ չկարողացան Գերասիմին լռեցնել ու հնազանդեցնել, ինչի հետևանքով այսօր արձանագրում ենք նրա հերթական բանտարկության 100 օրը։

Այս ամենի համատեքստում, սակայն, ուշադրության է արժանի իրենց արդարության և ազատության մարտիկներ հռչակած որոշ իրավական կազմակերպությունների կամ անձանց՝ հաճախ կրավորական, ինչպես նաև չտեսնելու և չլսելու, շառից, փորձանքից հեռու մնալու կեցվածքը:

Անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ, վերականգնվելու են Գերասիմի խաթարված իրավունքները և այս քրեական հետապնդումը ևս արժանանալու է սրանից առաջ նրա դեմ հարուցված տասնյակից ավել քրեական գործերի անփառունակ ճակատագրին։

Հ.Գ. Երբ Գերասիմ Վարդանյանին վերջին անգամ տեսակցության ժամանակ հարցրեցի՝ 100 օր է՝ կալանքի տակ ես, ի՞նչ կասես, նա պատասխանեց. «130 տարվա ընթացքում մենք բազմաթիվ թշնամիներ ենք ունեցել, որոնցից շատերն այլևս գոյություն չունեն, բայց Դաշնակցությունը կա: Ես դաշնակցական եմ, քո դիմաց դաշնակցական է նստած, այսքանով ամեն ինչ ասված է»»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր