00:00:00

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը

20:46, 13 սեպտեմբեր 2024 Իրավական

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 2021թ որոշումը։ Տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի կայքում հրապարակված տվյալներից։ 

Սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
 

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ «սահմանադրական կարգի տապալման» գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ 

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որոշել է բավարարել դատախազության բողոքը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը, իսկ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իբրև Ռ․ Քոչարյանի գործի ձգձգման պատճառով, ինչը հանգեցրել է գործի կարճման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր