Ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված քաղաքացու վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն ծանր, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից՝ անդրադառնալով երեկ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող, չգործող ձուլարանի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին հարցին։
«2 հոգու առողջական վիճակը համարվում է միջին ծանրության, նախատեսվում է կատարել պլանային վիրահատություններ 2-3 օրվա ընթացքում, 2-ի վիճակն էլ գնահատվում է թեթև»,- ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը մարդկային զոհի պատճառ է դարձել, իսկ մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։