00:00:00

Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից վրшերթի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հայրը համոզված է՝ դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է

19:40, 30 օգոստոս 2024 Իրավական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը համոզված է՝ դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է, որ գործի վաղեմության ժամկետը լրանա։ Այդ մասին նա ասել է «Ազատության» հետ զրույցում։

Աղջկան ու նրա չծնված երեխային կորցրած հայրն այստեղ հատուկ միտում է տեսնում. «Ձգձգել, մինչև 5 տարին լրանա, վաղեմության ժամկետը լրանա, գնում է դրան։ Առաջին ատյանի վերջը չի երևում, բա էն մյուս ատյաննե՞րը»։

Եթե Լեո-Պարոնյան խաչմերուկը պատշաճ փակ լիներ վարչապետի ավտոշարասյան համար, Սոնա Մնացականյանը չէր հայտնվի ուղեկցող մեքենայի անիվների տակ։ Սա 28-ամյա հղի կնոջ հոր ու փաստաբանի պնդումն է: Բացի այդ, ըստ նրանց՝ վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, ինչի մասին փորձագետի եզրակացություն կա: Պաշտպանական կողմը հենց այդ եզրակացությունն է կասկածի տակ դրել ու միջնորդել դատարանին, որ փորձաքննություն կատարվի։

«Դատարանը կատարում է անարդար քննություն։ Ես ունեմ բազմաթիվ գործեր, որտեղ գրված է՝ մեկ քայլ կատարեց, պետք է փորձաքննությամբ որոշվի՝ վարորդը կարողանո՞ւմ է կանխել, թե՞ ոչ վրաերթը։ Եթե նման կերպ քննությունը շարունակվեց կատարել, սա լուրջ հետևանքներ է ունենալու», - ասել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը չէր ընդունել նաև տուժող կողմի մյուս բոլոր պնդումները. - «Սոնա Մնացականյանը խաչմերուկը հատել է լուսացույցի արգելող ազդանշանների ներքո, այսինքն՝ ինքը պարտավոր էր ղեկավարվելու ոչ թե լուսացույցի լույսերով, այլ կարգավորողի գործողություններով»։

Ինչո՞ւ երեկվա նիստին երկու փաստաբաններից և ոչ մեկը չէր ներկայացել։ Մնացականյանի հոր վրդովմունքը լրաատվամիջոցը փոխանցել է Բալոյանին՝ նաև հիշեցնելով նրանց այն մտահոգությունը, որ գործը ձգձձվում է, որ վաղեմության ժամկետը լրանա, ու փակվի։ Նա արձագանքել է. «Վաղեմության ժամկետին համարյա երկու տարի կա, այդ դատողությունը աբսուրդ է։ Եվս մի 2-3 նիստով կավարտվի այս գործը։ Եթե անձը ցանկանում է, որ իրեն երկու փաստաբան պաշտպանեն, ուրեմն ի՞նչ է նշանակում՝ մեկը գա, մեկը չգա։ Երեկ մենք սպանության գործով եղել ենք վերաքննիչ դատարանում, ձգձգելու թեմա չկա»։

Վարչապետի շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է:

«Կարծում եմ, որ վերին ատյանները խառնվում են այդ գործին, ջնջվել են ձայնագրությունները, ավելի վերին ատյաններում՝ վարչապետի անվտանգությունն ապահովող անձնակազմի ատյաններում ինչ-որ բան է եղել, նորմալ չեն ապահովել», - ասել է Մնացական Մնացականյանը։

Ավելի քան երկու տարի քննվող գործով անցնում է մեկ մեղադրյալ՝ վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը: Նա ոչ միայն չազատազրկվեց, այլև աշխատանքից չազատվեց։

Հղի կնոջ հայրը թվում է հանգամանքները, որոնք ստիպում են իրեն հավատը կորցնել, թե գործը կհասնի ավարտին. «Մնացած գործերում, որ վարչապետի հետ կապված հարց է լինում, շատ արագ պատժի են ենթարկում։ Եթե ժամանակին փակեին ճանապարհը, տեսուչները ժամանակին զգուշացնեին ․․․ երևում է այդ նկարահանումներից, որ ուշ են զգուշացրել, նույնիսկ տեսուչը չի էլ տեսել, որ իմ աղջիկը կես ճանապարհը հատել, անցել է»։

 Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբան Բալոյանն էլ հակադարձում է՝ վստահորդը չի գերազանցել արագությունը, Սոնա Մնացականյանն ինքն է մեղավոր իր մահվան մեջ։ Նաև ասում է՝ դատարանը հակված է մեղավոր ճանաչել մայորին, որովհետև հասարակական ճնշում է գործադրվում դատարանի վրա. «Համոզմունք է առաջացել, որ դատարանը Արամ Նավասարդյանին անարդար ձևով դատապարտելու է, բայց մենք պայքարելու ենք, կլասիկ, անարդար քննություն է կատարվում, և ոչ ոք սա չի մարսելու»։

Այդ օրը կատարված տեսագրության մեջ երևում է, որ Սոնա Մնացականյանն անարգել անցնում է փողոցը, մինչ ճանապարհը կարգավորող տեսուչը քիչ այն կողմ էր կանգնած: Տուժող կողմը ավելի քան մեկ տարի է՝պահանջում է պատասխանատվության կանչել նաև ոստիկանության այդ տեսուչին։ Գործը, սակայն, ըստ փաստաբանի, տեղից չի շարժվում: Վթարի ժամանակ, ըստ կադրերի, փողոցում նաև մի քանի վկաներ են երևում, ոմանք մոտեցել էին ընկած կնոջը:

Ըստ Մնացականյանի հոր ու փաստաբանի՝ նրանցից որևէ մեկը, սակայն, որպես ականատես, վկա դատարան չի եկել, ցուցմունք են տվել միայն ոստիկանները, ինչն էլ ավելի է խորացնում տուժող կողմի համոզմունքը, թե այս գործն այն գլխից սխալ հունով է ընթանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր